Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը
International newsՌուսաստանը հետագայում էլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն կցուցաբերի Սիրիայի քաղաքացիներին, որտեղ արդեն չորրորդ տարին է՝ շարունակվում է ներքին զինված հակամարտությունը, ինչպես նաև օգնել այն ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են հեռանալ այդ երկրից և վերադառնալ հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-76 ինքնաթիռը Սիրիա է հասցրել 17 տոննա մարդասիրական օգնություն: Ավելի ուշ այդ ինքնաթիռով Մոսկվա են վերադարձել ՌԴ-ի և ԱՊՀ-ի երկրների 32 քաղաքացիներ, ովքեր որոշել են հեռանալ հակամարտության ասպարեզի վերածված երկրից:
«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև աջակցություն ցույց տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են անվտանգության նկատառումներով ժամանակավորապես հեռանալ Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: