2500 աշխատատեղ, 120 ընկերություն և 350-400 մլն դոլարի ներդրումների կանխատեսում Սյունիքի ԱՏԳ-ի համար
EconomicsՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման նպատակն է նոր ներդրումների ներգրավման համար նախադրյալների նպաստումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրությունը:
Այյս մասին հունվարի 19-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ազատ տնտեսական գոտու ներկայացման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը: Նրա խոսքով` որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ Իրանի հետ սահմանագծին հնարավորինս մոտ` հաշվի առնելով հարևան հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները:
Վարդանյանի ներկայացմամբ` ԱՏԳ-ի համար ընտրվել է Ագարակ քաղաքում առկա հողատարածք, որը զբաղեցնելու է 10-15 հա, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար:
«Ակնկալում ենք, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող», - նշեց Արամ Վարդանյանը:
ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու սահմանից այն կողմ գտնվող իրանական «Արաս» ԱՏԳ-ից 2 կմ հեռավորության վրա, ինչն ըստ Արամ Վարդանյանի, լավ հնարավորություն է համագործակցելու համար: Նրա խոսքով՝ այդ նպատակով արդեն մեկնարկել են բանակցությունները:
Նա նաև նշեց, որ կանխատեսումներ են իրականացվել 10 տարիների ընթացքում շուրջ 120 ընկերություն ներգրավվելու համար, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի երկրները:
«Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ»,- ասաց Արամ Վարդանյանը:
Տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ: ԱՏԳ-ն կունենա արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ:
Տարածքների վարձակալության համար գրասենյակային տարածքների գները կլինեն 15դոլար/քմ, արտադրականը` 10դոլար/քմ, պահեստային` 5դոլար/քմ: Սակայն դրանք կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով տարածքների մեծությունները:
«Ուսումնասիրելով թիրախային շուկաների կառուցվածքը, նախանշվել ենք գերակա 6 հիմնական ուղղություններ. սննդի վերամշակում, մեքենաշինության, քիմիական և տեքստիլ արդյունաբերություն, նոր, բարձր տեխնոլոգիական նյութերի, գյուղմթերքի արտադրություն և դեղագործություն»,- ասաց Արամ Վարդանյանը՝ հավելելով, որ ծրագրի իրագործումը ենթադրում է պետության հետ սերտ համագործակցություն:
Վերջում նա հավելեց, որ պետությունը որոշ արտոնություններ կսահմանի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնողների համար:
ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտում կգործեն շահութահարկի, դույքահարկի և ավելացված արժեքի հարկերի գծով արտոնություններ, ինչպես մնացած ազատ առևտրային գոտիներում: