Հայ դատը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին' Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, մրցանակը կշնորհվի նոյեմբերի 2-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի ամենամյա ընդունելության ժամանակ:
Մերձավոր Արևելքի հիմնադրամն իրավահաջորդն է հանդիսանում 1919թ. օգոստոսի 6-ին ստեղծված Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի, որը, հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե, ժամանակի ընթացքում վեր է ածվում մի խոշոր կազմակերպության: Ի սկզբանե իր առջև դնելով 100.000 դոլար հավաքելու անհրաժեշտությունը' գործունեության տասնհինգ տարում Նպաստամատույցն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացնում Հայոց ցեղասպանության գաղթականների և որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից, որոնցից երեսունն այդ տարիներին ամենատարբեր հիվանդությունների և պատահարների զոհը դարձան:
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեությունը փառավոր էջ է գրել մարդկության հումանիտար պատմության մեջ: