Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները
EconomicsԵրևանում հունվարի 25-27-ն անցկացվելու են «Էներգետիկայի շաբաթ- 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, առկա խնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը:
ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշեց, որ այն ավանդական միջոցառում է և իր տեսակով հաշվետվություն է ենթադրում:
«Ներկայացնելու ենք, թե ինչ առաջընթաց ենք ունեցել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մյուս կողմից՝ վերհանելու ենք խնդիրները` համատեղ ջանքերով լուծում տալու համար: Այս միջոցառումը կազմակերպում ենք, երբ ասելիք ունենք, իսկ այս անգամ ներկայացնելու շատ բան կա»,- ասաց Թամարա Բաբայանը:
Նրա խոսքով՝ հետաքրքրվածություն կա ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանում: Ըստ նրա, եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին մասնակից ընկերություն գտնում, ապա հիմա ցանկացողներն այնքան են, որ, տեղի սահմանափակ լինելու պատճառով, որոշները մերժվել են:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ շաբաթի շրջանակում կարևոր միջոցառումներից է արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը:
«Համաժողովին ներկայացվելու է արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթ: Ինչպես գիտեք, այս ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Արևային տեխնոլոգիաների համար Հայաստանը բացառիկ լավ երկիր է: Մի շարք գործոններ թույլ են տալիս եզրահանգելու, որ կարելի է շատ լուրջ զարգացնել արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաները»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Հայկ Հարությունյանը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը բաժանել են երեք մակարդակի: Առաջինը միկրոկայանների մակարդակն է, երբ քաղաքացիները կարող են պանելներ տեղադրել տանիքում, արտադրել էներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին: Այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Հայկ Հարությունյանի խոսքով, կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել: Հաջորդ մակարդակը 1ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:
Հայկ Հարությունյանը նշեց, որ համաժողովին ներդրողներին ներկայացնելու են Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է: Կանցկացվի մրցույթ, որը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցությամբ:
Համաժողովին մասնակցում են օտարերկրյա ներդրողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հոլանդիային Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից: