Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
SocietyՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն:
Էկոկենտրոնն իրականացնում է տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատման աշխատանքներ, մշակում էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքներ, կատարում հետազոտություններ տարբեր բնագավառներում՝ կենսամոնիթորինգ, կենսաերկրաքիմիական ցիկլեր, լանդշաֆտների և բնական ռեսուրսների գնահատում և քարտեզագրում, սննդային շղթաների ռիսկի գնահատում և այլն:
Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ նախարար Արծվիկ Մինասյանը շրջել է էկոկենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել գիտական խմբերի աշխատանքներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարին ներկայացվել է կենտրոնի աշխատանքը: Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման գործում նման հետազոտությունների կարևորությունը և տարբեր խնդիրներին առնչվող ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել ակտիվացնել փոխգործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ: