Տնտեսավարողները ներկրված ապրանքը 180 օրում արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ ԱԱՀ չեն վճարի
EconomicsՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 1-ից կիրառման մեջ է մտել ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին կամ լիազորված տնտեսական օպերատորներին, այսպես կոչված, բարեխիղճ ներկրողներին և արտահանողներին, ԱԱՀ-ից ազատման որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԱ ՊԵԿնախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հունվարի 25-ին նշեց, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանության արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ` շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ, կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են:
«Նախկինում, ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրում էին ապրանքներ և միաժամանակ 180 օրվա ընթացքում արտահանում դրանք`հանդիսանալով պարբերաբար ներմուծող և արտահանող ընկերություններ, ապա մինչև 2017 թվականի հունվարի 1-ը նրանք պետք է ներմուծման ժամանակ վճարեին ԱԱՀ-ն, որից հետո արտահանման ժամանակ նրանց ետ կվերադարձվեր ԱԱՀ-ի գումարը: 2017 թվականի հունվարի 1-ից ներմուծման համար ընկերություններից ԱԱՀ չի գանձվելու, հետևաբար նաև չի էլ վերադարձվելու արտահանման ժամանակ»,- ասաց Միրումյանը` հավելելով, որ եթե 180 օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը չարտահանեց իր ապրանքը, ապա հետագայում արտահանման ժամանակ պարտավոր է ներմուծումից չգանձված ԱԱՀ-ն վճարել:
Նրա խոսքով` փոփոխությունը ժամանակային առումով լրացուցիչ ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսավարող սուբյեկտներին, ինչն էլ նրանք կարող են ուղղել տնտեսական գործունեության խթանմանը: