Մեկնարկել են «Թումանյան-150» հոբելյանական տարվա միջոցառումները
CultureՀովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը լրանում է 2019 թվականին, սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը 2017-ից նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ թումանյանական հերոսների մեծադիր քանդակների մրցույթ գրողի ծննդավայրում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` միջոցառումների մեկնարկն ազդարարվել է հունվարի 25-ին գրողի՝ դսեղյան տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:
Մշակույթի նախարարությունում փաստաթուղթը ստորագրել են ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։
Ըստ համաձայնագրի` ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի տրամադրած 8 միլիոն դրամով Հ. Թումանյանի տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան։ Թանգարանի տարածքում հատված սնամեջ ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական հետաքրքիր կերպարներ, որոնք ավելի գրավիչ կդարձնեն տարածքը:
Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրի իրականացումը նախատեսվում էր 2016-ին, բայց ձմռան սաստիկ ցուրտն ու միջոցների բացակայությունը խոչընդոտեցին դրանց իրականացմանը:«Մենք հովանավորներ, աջակիցներ էինք փնտրում: Հենց այդ ժամանակ էլ օդանավում հանդիպեցի Աշոտ Տիգրանյանին, որի հետ երկար զրուցեցինք Հայաստանի մշակութային կյանքից, իրադարձություններից, ծրագրերից: Մաեստրոն միանգամից արձագանքեց և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի ենթակառուցվածքները ստեղծելու հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց արձագանքեց սրտով և հոգով: Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ է լինելու, և բոլորս համոզվելու ենք, որ, այո՛, հնարավոր է փոքրիկ ներդրմամբ մեծ արդյունք ունենալ»,-նշել է Արմեն Ամիրյանը:
Աշոտ Տիգրանյանի խոսքով`երեք տասնամյակ ԱՄՆ-ում ապրելուց հետո ինքն առաջին անգամ է այցելել Հայաստան ու հրաշալի պահեր ապրել, որովհետև ծնվել է Երևանում, ապրել Մոսկովյան փողոցում՝ հենց Թումանյանի թանգարանի հարևանությամբ: Վերջերս էլ եղել է Դսեղում, որտեղ պետք է իրականություն դառնա այս ծրագիրը: «Անչափ երջանիկ եմ օդանավում մեր հանդիպման համար: Շնորհակալ եմ Աստծուն, որ իրականություն դարձավ իմ երազանքներից մեկը»,- ասել է ամերիկահայ երաժիշտ-բարերարը: