Երևանում կայացավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգը
CultureԱռնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը կայացավ հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կրում էր «Սիրված երգեր» խորագիրը։
Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի գործադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն ասաց, որ անձամբ չի ճանաչել Առնո Բաբաջանյանին։ Նա արդեն ավելի քան 10 տարի աշխատում է կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, ով հիմնադրամի նախագահն է։ «Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել այս հիմնադրամում, իմ կյանքը արդեն տասը տարի է կապված է այս կառույցի հետ։ Առնո Բաբաջանյանի ստեղծած երգն ու երաժշտությունը անմահ է և այն ապրելու է դեռ հարյուրամյակներ»,- ասաց Սարգսյանցը:
Նվագախմբի երաժիշտներից մեկը, ջութակահար Յանա Դարյանն էլ իր հերթին ասաց. «Շատ կարևոր համերգ է, քանի որ մեր մեծ կոմպոզիտոր, երաժիշտ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին է նվիրված։ Նա ունի սիմֆոնիկ ստեղծագործություններ, բայց հենց երգերն են, որ ամբողջ աշխարհով մեկ նրան հայտնի դարձրին։ Մեր մեծերին մենք պետք է միշտ հիշենք, ինչպես նաև պարծենանք, քանի որ մեր սիրելի կոմպոզիտորի երգերը հնչում են ամենուր»։
Կոմպոզիտորի երգերը համերգի ընթացքում կատարեցին հայ հայտնի երգիչներ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուր էր Ռուսաստանի օպերայի և բալետի պետա կան ակադեմիական թատրոնի (Մեծ Թատրոնի) մեներգիչ Արսեն Սողոմոնյանը։
Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին։