Ռոման Ամոյանը դեռևս չի զբաղվի մարզչական գործունեությամբ
SportՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանը դեռևս իրեն չի տեսնում մարզչական աշխատանքում:
«Ամբողջ կյանքս նվիրել եմ այս մարզաձևին և դժվար թե հեռու մնամ: Իսկ մարզչական գործում ինձ չեմ տեսնում: Մինչ օրս առաջարկ չեմ ստացել ոչ ֆեդերացիայից, ոչ էլ մարզչական շտաբի կողմից»,- Արմենպրեսի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ըմբիշը:
Ամոյանի կարծիքով` իր քաշային կարգում կան խոստումնալից մարզիկներ, ովքեր լավ ապագա ունեն: «Լավ մարզիկ դառնալու համար պետք է ճանապարհ անցնել: Դժվարին և տաժանակիր ճանապարհ, ինչպիսին որ ես եմ անցել: Ես միշտ պատրաստ եմ օգնել, թե փորձով և գիտելիքներով»,-կարևորեց Ամոյանը:
Ռոման Ամոյանը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2009 թվականի աշխարհի առաջնության, 2003, 2005, 2008, 2016 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2006 և 2011 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: