Կանբերրայում Բելառուսի դեսպանատան մոտ հայերը բողոքի լուռ ակցիա են կազմակերպել
SocietyԱվստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Կանբերրայում Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի լուռ ակցիա են կազմակերպել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին լռեցնելու փորձերի դեմ:
Այս մասին տեղեկացնում է ավստրալահայերի մասին տեղեկացնող armenia.com.au կայքը: Ցուցը կազմակերպել են ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունը: Լուռ ակցիային մասնակցել են ավելի քան 20 երիտասարդներ, ինչպես նաև Ավստրալիայում ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչ Ալեքս Գալիտսկինը:
ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունը, Ավստրալահայ ուսանողական միության և Հայ դատի հանձնախմբի անդամները բարձրացրել են Բելառուսի կառավարության որոշումը դատապարտող պաստառներ, ինչպիսիք են «Վերջ տվեք բռնատիրությանը», « Հարգենք ազատ խոսքի իրավունքը» և «Ազատություն Լապշինին»:
ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության « Նիկոլ Դուման» մասնաճյուղի ատենապետ Մեղեդի Զեյդունյանն, անդրադառնալով լուռ ցույցին, ասել է, որ հավաքվել են բարձրացնելու իրենց ձայնն ընդդեմ Բելառուսի կառավարության կատարած անարդար քայլի:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նման արարքներն անընդունելի են: Ադրբեջանի կառավարության պահանջը պարզապես նրանց նախագահ Ալիևի բռնատիրական և ազատ խոսքի իրավունքը ոտնակոխ անելու քաղաքականության դրսևորումն է»,- ասել է Զեյդունյանը:
ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության անդամ Արամ Թուֆենքյանն ու Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի ներկայացուցիչ Ալեքս Գալիտսկինն իրենց ելույթներում դատապարտել են Բելառուսի կառավարության քայլերը: