Ամփոփվեց հանրային նորարարության մրցանակաբաշխությունը
SocietyԿոլբա նորարարական լաբորատորիայի «Հանրային նորարարության մրցանակաբաշխության» արդյուքներն արդեն հայտնի են: ՀՀ կառավարության աշխատակազմում եւ ՀՀ արդարադատության նախարարության պետական ծառայողների շրջանում հայտարված մրցույթին ներկայացվել էր 23 գաղափար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն կարեւոր համարեց նման նախաձեռնությունները:
«Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը Եվրոպական միության և ՀՀ Կառավարության հետ, որ համարձակություն ունեցան աջակցել այնպիսի մեթոդների ու մոտեցումների, որոնք դեռևս սովորական չեն համարվում զարգացման ծրագրերի և պետական կառավարման ոլորտներում»,- ասաց նա:
ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ կառավարման համակարգում նորարական մոտեցումները բավական կարեւոր են: «Արդարադատության նախարարությունը նորարական լուծումների ոլորտում կառավարության առաջամարտիկներից է»,- ասաց նա:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորարարական լաբորատորիայի կողմից: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ կառավարության, ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպական միության հետ համատեղ 2016 թվականին հայտարարել էր նորարար գաղափարների մրցույթ պետական ծառայողների շրջանում:
Մրցույթի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործը նթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար:
Ընդհանուր առմամբ 23 գաղափար էր ներկայացվել պետական ծառայողների կողմից: Համատեղ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն գաղափարներն էին՝ ծննդյան գրանցման ընթացակարգերի օպտիմալացումը, Կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու, պետական մարմիններին հարցումներ ուղարկելու միասնական տեղեկատվական առցանց հարթակը:
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց․«Սոցիալական նորարության զարգացման նախապայման է հասարակության համար: Պետական հատվածում աշխատելիս հատկապես կարևոր է մնալ նորարար և շարունակել բարեփոխել գործընթացները՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարձր որակը ապահովելու համար»:
Մրցանակաբաշխության արարողության ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները ստացան մրցանակներ և հավաստագրեր: Լավագույն ծրագրային առաջարկները հնարավորություն կունենան անցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիայի ինկուբացիոն շրջանը՝ գաղափարների մշակման և փորձարկման համար: