Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը «Խազարի գավաթ 2017»-ում
SportԻրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «Խազարի գավաթ 2017» մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ:
Մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Ալիռեզա Ֆիռուզայի նկատմամբ և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքացին նաև հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյը: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Բերկեշը, Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ամին Տաբատաբեյը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Մրցաշարի ընթացքում Ղարիբյանը հաղթանակներ տոնեց իրենից շուրջ 200 և 300 վարկանիշային կետով բարձր միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետների նկատմամբ, իսկ վերջին տուրից առաջ միայն կես միավորով էր հետ մրցաշարի առաջատարներից: Չնայած վերջին տուրում բազմափորձ գրոսմայստեր Օլեգ Կորնեևից կրած պարտությանը` Ղարիբյանը 124 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը և, մրցաշարում իր գործակցով 97 մասնակիցների մեջ լինելով 59-րդը, արդյունքում գրավեց 22-րդ հորիզոնականը, ինչը բավականին բարձր արդյունք է այսպիսի ուժեղ մրցաշարի համար: