Ինչպիսի հագուստ են նախընտրում հայ հայտնիները և որքան գումար են ծախսում դրա վրա
LifestyleBlogNews-ը գրում է.
Մենք հաճախ ենք սիրում նայել, թե, օրինակ, ֆիլմերի, մրցանակաբաշխությունների ժամանակ ինչ հագուստ են կրում համաշխարհային աստղերը, իսկ ինչ տեսքով են ներկայանում մերոնք միջոցառումներին, ինչ սկզբունքով են ընտրում իրենց հագուստը: Այս անգամ #BlogNewsFashion-ը ներկայացնում է «Կյանք ու կռիվ 2» պրեմիերային հայ հայտնիների լուքերը:
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ֆիլմի պրեմիերային ներկայացել էր թրենդային համարվող վելվետից զգեստով՝ համադրելով համապատասխան պայուսակի և կոշիկների հետ: «Առհասարակ չեմ սիրում բրենդների անուններ տալ: Թե՛ վարսերիս, թե՛ դիմահարդարման, թե՛ հագուստիս ընտրությունը իմն է: Դժվարանում եմ գին ասել, քանի որ ամբողջությամբ նվեր է»,- նշեց դերասանուհին:

Ձիգ կապած վարսեր, քիչ շպար, ընդգծված աչքեր, դասական հագուստ. ահա այս տեսքով էր դերասանուհի Դիանա Մալենկոն ներկայացել պրեմիերային. «Իմ դերձակի կարած հագուստն եմ կրում, չեմ ընտրել որևէ դիզայների հագուստ, և այն կարվել է իմ դիզայնով: Դասականը նորաձևության մեջ իմ ամենասիրելի ոճն է, և ես ներկայանում եմ այդ ոճում: Եթե ամբողջական տեսքը վերցնենք, դիմահարդարումս էլ, ապա ամբողջ լուքս արժեցել է 150.000 դրամ»:

Սև դասական հագուստ Կոկո Շանելի ոճում. դերասանուհի Նարինե Գրիգորյանի ընտրությունն է․ «Այս զգեստը կարել եմ 46.000 դրամով: Ֆիլմում վարսերս ուղիղ էին, դրա համար էլ ոճաբանս որոշեց, որ ներկայանամ խուճուճ վարսերով, նա անգամ ստիպեց ինձ զուգագուլպա հագնել: Մենք հաճախ ծայրահեղությունների ենք գնում՝ կա՛մ մի քիչ չափից դուրս ներկայանալի ենք լինում, կա՛մ էլ հակառակը»,- նշում է Նարինեն:

«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Թինան ընտրել էր սև զգեստ՝ համադրելով կարմիր ուսապարկի և կոպիտ սապոգների հետ:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար կարևոր է, թե ինչ կարգավիճակում է ներկայանում միջոցառամանը․ «Երբ միջոցառման գլխավոր մեղավորներից ես, աշխատում ես ավելի պատրաստված և երևացող լինել, բայց երբ որպես հյուր ես, ցանկալի է՝ լինես հմայիչ տեսքով, բայց շատ չընդգծել, որ դու պատրաստվել ես, կարծում եմ՝ սխալ է: Ես ամեն դեպքում հետևում եմ այդ սկզբունքին»:

«Մենք այնքան բախտավոր չենք, որ առանձնացնենք օրվա ժամերը՝ գնանք աշխատանքի, հետո հասցնենք փոխել հագուստը և գալ կինոդիտման, դրա համար փորձել եմ այնպիսի հագուստ կրել, որ երկու դեպքում էլ հարմար լինի: Չնայած շատ ցուրտ է, բայց ես ձմռանը սովորաբար միշտ եմ զգեստով լինում, այս անգամ ընտրել եմ ավելի թեթև տարբերակ: Ես համոզված եմ՝ լավ հագուստ կարելի է գնել և՛ էժան գնով, և՛ թանկ: Մի կարևոր բան կա, եթե դու շորասազ ես, և քո վրա ամենաէժան զգեստն անգամ կարող է շատ թանկ նայվել և կարող է շատ թանկ հագնել և իր վրա չերևա: Ինձ թվում է՝ ամենակարևորը լավ և ճիշտ հագուստ ընտրելն է»,- նշում է «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը։
«Քանի որ նկարահանումից ենք գալիս, ես մի քիչ քեժուալ ոճում եմ, պարզապես փորձել եմ գոնե մի քիչ երեկոյան տեսք ունենալ: Հագուստս գնել եմ մասսայական սեր վայելող խանութներից: Կոշիկներս չհաշված՝ մոտավորապես 65.000 դրամ, պարզապես կոշիկներս չեմ հիշում՝ որքան եմ գնել: Համոզված եմ՝ նորաձև տեսք կարելի է ունենալ և՛ թանկ, և՛ էժան հագուստով»,- ավելացնում է Աելիտա Չիլինգարյանը։

Հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը կրում է ջինսե շորիկ, սպիտակ վերնաշապիկ՝ համադրելով շագանակագույն ճտքավոր կոշիկների և նույն գույնի շարֆի հետ: «Ամբողջ լուքս 100.000-130.000 դրամ արժի, հիմնական պատճառը սապոգներս են, քանի որ բնական կաշվից և մորթուց են, դրա համար էլ թանկ են»:

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը կրում էր սև, պարզ զգեստ, ինչպես նա է ասում, հարմարեցրել է ամուսնու հագուստի հետ. «Դժվարանում եմ ասել, թե որքան գումար է արժեցել, քանի որ չեմ կարևորում հագուստի արժեքը, ինձ համար կարևոր է, որ հարմարավետ, կոկիկ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի