Հայաստանի կառավարությանն առաջարկվում է մասնավորեցնել 47 պետական կազմակերպություն
EconomicsՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Հայաստանի կառավարությանն առաջարկում է առաջիկայում մասնավորեցնել հիմնականում սոցիալական ոլորտում գործող պետական 47 կազմակերպություններ: Վարչությունն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ.» նոր ծրագրի նախագիծը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ նոր ծրագրում ընդգրկված են նաև այն կազմակերպությունները, որոնք հանվել են մասնավորեցման, սակայն մինչ օրս դեռ չեն մասնավորեցվել: «Վարչապետի հանձնարարականի հիման վրա մենք կազմակերպել ենք շահագրգիռ և արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում գտել ենք այն պետական կազմակերպությունները, որոնք ավելի ճիշտ կլինի տանել մասնավորեցման ճանապարհով: Այժմ արդեն նախագիծը պատրաստ է, այն ներկայացրել ենք կառավար ությանը և գտնվում է համաձայնեցման փուլում: Հենց կառավարությունը նախագծին հավանություն տվեց, այն կդառնա հանրության լայն շրջանակների քննարկման առարկա»,- ասաց Մարկոսյանը:
Նա մանրամասնեց, որ այդ կազմակերպությունները մասնավորեցնելու հիմնական և առաջնային նպատակը պետական բյուջեի ծախսերը թեթևացնելն է: «Դրանք պետական բյուջեից սնվող կազմակերպություններ են և մեր նպատակն է բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը: Մենք պետք է ընդունենք, որ այդ կառույցներն արդյունավետ չեն գործում:
Մենք 70 տարի ապրել ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ եղել է պետական: Մեր գիտակցության մեջ պետական մասն ամուր է նստած և շատ դժվար է վերանում: Այդ կազմակերպությունները կարիք ունեն ներդրումների: Մասնավորեցման նպատակներից մեկը նա և ներդրումներ բերելն է: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ մենք ունենք ռիսկային միջավայր, միջավայր, որտեղ ներդրումները մեծ չափով չեն գալիս: Եթե դուք ուսումնասիրեք Հայաստանի ներդրումային շուկան, կտեսնեք, որ ներդրումները շատ են եղել, երբ մենք շատ ձեռնարկություններ ենք մասնավորեցրել:
Սրանով մենք աշխարհի ցանկացած ներդրողի ցույց ենք տալիս ոլորտը, որտեղ կարելի է ներդրում կատարել»,- բացատրեց Մարկոսյանը: Չնշելով կազմակերպությունների անվանումները, պաշտոնյան, այնուամենայնիվ տեղեկացրեց, որ դրանց թվում շատ են առողջապահական հաստատությունները:
Նրա խոսքով` մասնավորեցման ծրագրում ընդգրկված են այն կազմակերպությունները, որտեղ բավականին ցածր է մասնավորի բաժինը: Այսինքն, այստեղ մեծ է պետական բաժնեմասի կշիռը: «Եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ անել, պետք է գնանք ներդրումներ ներգրավելու ճանապարհով, որի հիմնական ձևը մասնավորեցումն է: Մենք մասնավորեցման արդյունքում իրատեսական արդյունքներ կունենանք: Եթե մենք տեսնում ենք, որ որևէ կազմակերպություն երեք տարի շարունակ աշխատում է միայն վնասով և որևէ օգուտ չի ունենում, այդ դեպքում պետք է իր սեփականության ձևը փոխվի` ընդհուպ մինչև այդ կազմակերպության լուծարում»,- ասաց Աշոտ Մարկոսյանը` չբացառելով, որ այն կազմակերպությունները, որոնք չհաջողվի մասնավորեցնել, կլուծարվեն:
Միևնույն ժամանակ, Մարկոսյանը հստակեցրեց, որ 5 տարի առաջ հանվել է այն սահմանափակումը, որ գույքը երեք անգամ մասնավորեցման դնելուց հետո լուծարել, եթե արդյունքում չի հաջողվել այն մասնավորեցնել: Այսինքն, որևէ սահմանափակում չկա և գույքը կարելի է դնել մասնավորեցման որքան նպատակահարմար կլինի:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունում մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: