Էբոլա տենդն ամբողջ աշխարհին է սպառնում. Օբամա
International newsԷբոլա տենդը կարող է տարածվել ամբողջ աշխարհում, եթե արդյունավետ պայքար չմղվի Արևմտյան Աֆրիկայում դրա տարածման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, նախազգուշացրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Համաճարակի դեմ անհրաժեշտ է գրոհել այնտեղ, որտեղ գտնվում է դրա ակունքը՝ Արևմտյան Աֆրիկայում»,- լրագրողներին ասել է Օբաման Սպիտակ տանը Էբոլայի դեմ պայքարի հարցերին նվիրված խորհրդակցությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահը Էբոլայի համաճարակի հետ կապված իրադրությունը հոկտեմբերի 15-ին տեսակապով քննարկել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ:
«Ղեկավարները համաձայնել են գործակցել ավելի մեծ թվով երկրներից առավել զգալի աջակցություն ներգրավելու, ինչպես նաև տեղերում ջանքերի կոորդինացման նպատակով»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և Ուկրաինայի իրադարձությունները: