Գեղարքունիքի մարզի ճանապարհներին կրկին դժվարանցանելի վիճակ է առաջացել
SocietyԳեղարքունիքի մարզի ողջ տարածքով մեկ հունվարի 31-ի երեկոյան, փետրվարի 1-ի գիշերը եւ ցերեկվա ընթացքում սկսվել եւ շարունակվում են ձյան տեղումները, ինչի հետեւանքով կրկին դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, փետրվարի 1-ի կեսօրվա դրությամբ մարզում շարունակվում են ձյան տեղումները, ճանապարհներին առկա է մերկասառույց եւ թույլ տեսանելիություն, ձեւավորվել է մոտ 30 սանտիմետր ձնածածկույթ, դժվարանցանելի են դարձել մի շարք մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ: «Ճանապարհաշինարարներին հիմնականում հաջողվում է պահպանել ճանապարհների անցանելիությունը, մաքրման եւ մշակման աշխատանքները ձյան տեղումների ընթացքում չեն դադարել: Մարզային եւ համայնքային նշանակության որոշ ճանապարհներ դարձել են դժվարանցանելի, որոնց անցանելիության ապահովման համար կատարվում են համապատասխան աշխ ատանքներ: Փետրվարի 1-ի գիշերվա եւ ցերեկվա ընթացքում ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ավելի քան 20 ահազանգ մեքենաների՝ ձյան մեջ արգելափակվելու վերաբերյալ, որոնց արձագանքել է ժամանակին»,-ներկայացրեց Հայկ Աբրահամյանը:
Խոսրով Խլղաթյան