Փետրվար ամսից Հայաստանում առաջին անգամ կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում
SocietyՅոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստումներ իրականացնել։
Այս մասին ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։
«Նվիրիր կյանք» հիմնադրամի, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, Համաշխարհային բանկի ջանքերով և աջակցությամբ է հնարավոր եղել կյանքի կոչել ծրագիրը։
«Արդեն երեք ամիս է, ինչ վերաբացվել է մեր կենտրոնը՝ նոր հագեցված, վերակառուցված և վերազինված արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքը։ Մեր կենտրոնը եզակի է նրանով, որ հագեցվածությունը թույլ է տալիս կատարել այնպիսի բուժական միջամտություններ, որոնք մինչ օրս հնարավոր չէր կատարել»,- ասաց Մելիքսեթյանը։
Նա հավելեց, որ կենտրոնը վերազինվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, լաբորատոր ծառայություններ և ամենակարևորը՝ կա նոր ծառայություն, որը Հայաստանում չի եղել՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան։
«Ցողունային բջիջների լաբորատորիան մեծ հնարավորություն է տալիս մեզ իրագործելու մեր հետագա բուժական գործընթացը։ Բջիջները հավաքագրելուց հետո, արյունաստեղծ բջիջները ոսկրածուծից հավաքվելուց հետո դրանք գնալու են համապատասխան մշակման, սառեցման և հետագա կիրառման՝ արդեն ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում»,- նշեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։
Արդիականացված Արյունաբանական կենտրոնը վերաբացվել է 2016 թվականին։ Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը, հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավ արության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: