2017 թ-ի համար կառավարությունն առանձնացրել է 345 ներդրումային ծրագիր
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 1-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի:
«Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից:
«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր: