«Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա երկու տաղավարով
EconomicsՄոսկվայի «Էքսպոցենտր» խոշոր ցուցահանդեսային կենտրոնում փետրվարի 1-ին տեղի է ունեցել սննդամթերքի, խմիչքների և դրանց արտադրության հումքի «Պրոդէքսպո 2017» 24-րդ միջազգային ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել է Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։ Նա ասուլիսի մասնակիցներին տեղեկացրել է ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության մասին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Ասոյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 6-ից 10-ը կայանալիք «Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա երկու առանձին տաղավարով` մասնակցությամբ սննդամթերքի, կոնյակի և գինու արտադրության շուրջ 44 ընկերությունների։
Ընկերությունների մասնակցության աջակիցն են Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ։ Հայաստանի առևտրական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուսական խոշոր առևտրային ցանցերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ցուցահանդեսի անցկացման օրերին վերջիններս կայցելեն Հայաստանի տաղավարները՝ տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին։
Ասուլիսին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության, ոլորտային միությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մասնակից երկրների ներկայացուցիչներ։
«Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին կմասնակցին երկու հազար ընկերություն 60 երկրից, որոնցից 28-ը կներկայանան ազգային տաղավարներով։ Ցուցահանդեսի ընթացքում կգործի առևտրային ցանցերի կենտրոն՝ մասնակցությամբ 120 ցանցային խանութների։