Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Փարիզի մրցաշարի արդյունքներից
SportՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Փարիզի մրցաշարում հայ մարզիկների ելույթներից:
«Փարիզյան մրցաշարը լավ էր կազմակերպված, և ուժեղ թիմեր էին մասնակցում: Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր մարզիկների աշխատանքից: Տարվա առաջին մեկնարկի համար ես գոհ եմ մարզիկներից, միայն Գևորգ Ղարիբյանը լավ գոտեմարտեր չանցկացրեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզչի խոսքով` Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց մրցաշարին, քանի որ մրսածություն ուներ:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներ են դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), 80 կգ քաշային Կարապետ Չալյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան): Բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան):