ՔԿՀ-ների վիճակը բավականին հարցեր է առաջացնում. ՀՀ վարչապետը տվեց մի շարք հանձնարարականներ
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քրեակատարողական հիմնարկների ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում: Այդ մասին վարչապետը հայտարարեց կառավարության նիստի ընթացքում՝ ավելացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխման հարցերում:
«Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ: Ելնելով դրանից՝ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի հանձնարարականով՝ Արդարադատության նախարարը պետք է ապահովի նաև քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը՝ ուղղված թե նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում:
Նախարարը ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում: