Իջևանում և Հաղարծինում պետական ծառայության մատուցման նոր գրասենյակներ են գործարկվել
SocietyՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Իջևանում և Հաղարծինում մասնակցել է պետական ծառայությունների մատուցման միասնական երկու գրասենյակների գործարկմանը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանը միացած բոլոր օպերատորներին և հորդորեց քաղաքացիներին օգտվել կառավարության ընձեռած այս հնարավորությունից:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի խոսքով՝ սա էական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որ կարողացել է նման ձեռքբերում արձանագրել:
Կառավարության հունվարի 26-ի որոշմամբ, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերություններին: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով:
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում: