Լեզվի իմացության քննություններ հնարավոր է կազմակերպվեն նաև դատավորների համար
SocietyՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում արդեն տեղադրված է պատգամավորների համար հայոց լեզվի քննության թեստերի 214 նմուշները։
Հունվարի 2-ին լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։
«Գործող կարգի համաձայն, որը հաստատվել է ԿԳ նախարարության կողմից, հնարավոր կլինի անցկացնել այս քննությունը պատգամավորների համար։ Սա եզակի երևույթ է մեր իրականության մեջ, երբ փորձում ենք ՀՀ պատգամավորության թեկնածուների համար սահմանել նման նորմ։
Այն հնարավորություն կտա նաև որոշակիորեն գաղափար կազմել այն մարդկանց հայոց լեզվի գիտելիքների հետ կապված, ովքեր ամենատարբեր պատճառներով Հայաստանում կրթություն չեն ստացել»,- նշեց Սերգո Երիցյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց թեստավորման տարբերակը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը պատասխանեց, որ շատ դժվար է բոլոր պատգամավորության թեկնածուների լեզվական գիտելիքներն ու հնարավորությունները ստուգել քննության այլ տարբերակով։ Նրա խոսքով՝ այս պարագայում կլինի որոշակի հարաբերական հավասարություն. իսկ թեստը միաժամանակ պարունակում է ուղղագրական, ուղղախոսական, բառակազմական հարցեր։
«Մենք ձգտել ենք, որպեսզի չլինեն դժվար հարցեր՝ համարելով սա առաջին քայլ։ Հաջորդ ընտրությունների ժամանակ, անկասկած, կարող են արվել վերլուծություններ, այն ամենից, ինչ ունենք այսօր»,- հավաստիացրեց Երիցյանն ու հավելեց, որ նպատակն է, որպեսզի պատգամավորները պետական կառավարման համակարգում, որքան հնարավոր է լավ տիրապետեն մայրենի լեզվին։
Նրա պնդմամբ՝ սա ազդակ է մի կողմից հանրության, մյուս կողմից պաշտոնյաների համար առ այն, որ մենք պարտավոր ենք գնահատել և տիրապետել հայոց լեզվին։ Հնարավոր է, որ նույնանման պահանջ ապա գայում ներկայացվի նաև դատավորների նկատմամբ։