Հովհաննես Գաբուզյանը հաղթել է «Սաբալանի գավաթ 2017» կայծակնային մրցաշարում
SportԻրանում ընթացող Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվեց կայծականային շախմատի մրցաշարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարին մասնակցեցին 93 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 6 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Ղայեմ Մաղամին 7.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մասուդ Մոսադեգպուրը եզրափակեց լավագույն եռյակը:
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում երեկ տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը, Հրայր Սիմոնյանն ու Սեդրակ Մաթևոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց:
9-րդ տուրից հետո Ղայեմ Մաղամին և Օմիդի Օրյան վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 6 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը:
Հրայր Սիմոնյանն ունի 5,5 , Մամիկոն Ղարիբյանը` 5, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 4.5 միավոր: