Երևանում ապրիլին բացվելիք «Ռիբոկ» սպորտային ակումբն ապահովելու է 120-300 նոր աշխատատեղ
EconomicsՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան «Ռիբոկ» սպորտային ակումբ, որը շահագործման կհանձնվի ապրիլին` ապահովելով 120-300 նոր աշխատատեղ:
«Ռիբոկ»-ն ամենամեծն է տարածաշրջանում և հագեցած է ոլորտի նորագույն սարքավորումներով: Սպորտային համալիրի շինարարությունը սկսվել է 2015 թվականի հունվարին և երկու տարիների ընթացքում շինարարական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 300 շինարար բանվոր: Ծրագրին հիմնադիր ղեկավարներ Արմինե և Պետրոս Գևորգյանները նախատեսում են 2017-2020 թվականների ընթացքում ստեղծել 120-300 նոր աշխատատեղ` միջինը 200 հազար դրամ աշխատավարձով:
Միջազգային ֆիթնես ոլորտում առաջատար «Ռիբոկ» ապրանքանիշի հետ կնքվել է ֆրանչայզինգի պայմանագիր, իսկ ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 23 միլիոն եվրո, որից 8 միլիոնը սարքավորումներն են, 15 միլիոնը՝ շինությունը: Ներկայումս ընթացնում են ներքին հարդարման աշխատանքները:
«Նմանատիպ կառույց ԱՊՀ երկրներում գոյություն չունի: Նման կենտրոններ գործում են Իսպանիայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում: Համաշխարհային մակարդակի ցանկացած նորարարություն ընդգրկված է մեր սրահում: Իսկ գնային քաղաքականությունը համապատասխանելու է տեղական շուկային, այսինքն՝ լինելու են մրցակցային գներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր տնօրեն Արմինե Գևորգյանը:
Ակումբը տեղակայված է 15.000 քմ տարածքի վրա, եռահարկ շինության մակերեսը կազմում է 8000 քմ:
Սպորտային համալիրում կաշխատեն մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստումներ կանցնեն արտերկրում: «Ռիբոկ» սպորտային ակումբի մարզասրահի մենեջեր Հարութ Սեֆելյանի խոսքով` Հայաստանում կան այս ոլորտի բազմաթիվ մասնագետներ, և նման մարզասրահը հնարավորություն կտա աշխատելու հայրենիքում:
«Մեր սարքավորումները շատ նորարական են, հաճախորդները չեն հոգնի իրենց վազքի ընթացքից: Մեր մարզասարքերը այնպիսին են, որ եթե ձեր կողքին չլինի մարզիչ, ապա սարքը ցույց կտա՝ ինչ անել»,-ասաց Սեֆելյանը:
«Ռիբոկ» սպորտային ակումբը կարող է տարեկան սպասարկել 15 հազար հաճախորդի: Ակումբի առանձնահատկություններից է նաև բազմաֆունկցիոնալ սքվոշի դահլիճը, որ ապակյա սպորտային հատակով և շարժական պատերով է: Ակումբում տեղակայված է 50մ երկարությամբ օլիմպիական լողավազան` տարբեր բարձրության ցատկերի աշտարակներով:
Մարզահամալիրը շահագործման կհանձնվի ապրիլին: