ՀՀ սահմանամերձ զորամասերում դասական երաժշտություն կհնչի
CultureՕպերային թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները փետրվարի 9-ին ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում։ Միջոցառումներն իրականացվում են «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի՝ «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ելույթները կղեկավարի նախագծի հեղինակ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Նախաձեռնողները ծրագրի միջոցով ցանկանում են հայ զինվորին մոտեցնել դասական արվեստն ու վստահեցնել նրան, որ մշակույթի այս ոլորտի գործիչները ևս զինվորի կողքին են:
«Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցում զինվորի ոգին բարձր պահելուն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը»,-վստահեցնում են նախագծի հեղինակները:
Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են՝ «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն: