Խմիչք արտադրող երեք խոշոր հարկատուները 5.2 մլն դրամով ավելացրել են հարկային վճարները
EconomicsԽմիչքների արտադրության ոլորտում գործող 29 ընկերություն հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, 3-ն՝ առաջին 50-ի շարքում:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում խմիչքների արտադրության ոլորտում գործող 29 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 26 մլրդ 853 մլն ՀՀ դրամի հարկ եր և տուրքեր, իսկ առաջին 50-ում ընդգրկված 3 ընկերությունները միասին՝ 11 մլրդ 925 մլն 100.2 հազար ՀՀ դրամ: 2015 թվականին նրանց կողմից վճարվել է 11 մլրդ 919 մլն 901.1 հազար ՀՀ դրամ, ինչը 2016 թվականի ցուցանիշին զիջում է 5 մլն 199.1 հազար դրամով:
Խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատուն Երևանի կոնյակի գործարանն է: Հաշվետու տարում ընկերությունը պետբյուջե է վճարել 4 մլրդ 972 մլն 95 հազար ՀՀ դրամ և հայտնվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ընդհանուր ցանկի 21-րդ հորիզոնականում: Ընկերության վճարած հարկերից շուրջ 2 մլրդ 170 մլն ՀՀ դրամը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը: 2015 թվականին Երևանի կոնյակի գործարանը բյուջե էր վճարել մոտ 4 մլրդ 929 մլն ՀՀ դրամ, 2014 թվականին՝ շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2013 թվականին՝ 4 մլրդ 685 մլն ՀՀ դրամ: 2015 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում ընկերությունը գտնվում էր 18-րդ տեղում` վճարելով 4 մլրդ 929 մլն 696.1 հազար դրամ հարկ:
2016 թվականի արդյունքներով խմիչքների արտադրության ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն է՝ վճարված 3 մլրդ 666 մլն 821.7 հազար ՀՀ դրամով: Ընդ որում, միայն ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը, կազմել են 943 մլն ՀՀ դրամ: Հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 27-րդն է, 2015 թվականի նկատմամբ անփոփոխ պահելով դիրքերը: Սակայն ավելացել է նրա հարկային վճարը` կազմելով 3 մլրդ 942 մլն 168.9 հազար դրամ:
Խմիչք արտադրող երրորդ խոշոր հարկատուն «Սարգիս Կարոլինա» ընկերությունն է, որը 2016 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 3 մլրդ 280 մլն 984.4 հազար ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, որից ուղղակի հարկերը կազմել են 103 մլն ՀՀ դրամ: Հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը հայտնվել է 35-րդ տեղում: 2015 թվականի ընկերությունը գտնվում էր 41-րդ տեղում, իսկ հարկային վճարը կազմում էր 3 մլրդ 53 մլն 237.2 հազար դրամ: