Նոր օրենքով վարկառուները կկարողանան առանց տույժերի վաղաժամկետ մարել հիփոթեքային վարկը
Economics«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» մասին նոր օրենքը վարկառուներին հնարավորություն կտա առանց տույժ և տուգանք վճարելու վաղաժամկետ մարել հիփոթեքային վարկը կամ դրա մի մասը: Խորհրդարանում օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, ով իր ելույթում պնդում էր, որ օրենքում հստակ ամրագրված չէ դրույթը, որ վարկառուն կարող է վաղաժամկետ մարել վարկը: Էդուարդ Շարմազանովը մեջբերեց օրենքի նախագծի 13-րդ հոդվածի առաջին կետը.
«Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով: Վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում, վարկառուն իրավունք ունի պահանջել, որպեսզի համամասնորեն նվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկավորման պայմանագրի համաձայն վճարման ենթակա տոկոսագումարը, վարկի տրամադրման և սպասարկման վճարները:
Ուստի արձանագրում ենք, որ, այո, վարկառուն կարող է վաղաժամկետ մարել իր վարկը: Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, կարդացեք, այլ ոչ թե լսեք, թե ով ինչ է ասում»,- նշեց Շարմազանովը:
Օրենքի նախագծում նաև ամրագրված է, որ վարկավորման պայմանագրով կրեդիտավորողը չի կարող վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար, վարկառուից գանձել որևէ տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ վարկառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: