Մեր խաղի կանոնները չընդունողը պետք է անընդհատ զգա ՊԵԿ-ի շունչը. ՀՀ վարչապետ
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բինզես միջավայրի բարելավման գործում Պետական եկամուտների կոմիտեն պետք է կատարի հիմնական գործառույթը:
Այդ մասին վարչապետը նշել է կառավարությունում ՊԵԿ-ի 2016 թվականի գործունեության հաշվետվության ժամանակ: Կարեն Կարապետյանը խոսելով ՊԵԿ-ի առջև դրված խնդիրների մասին՝ ընդգծել է.
«Բինզես միջավայրի բարելավման մեջ դուք պետք է կատարեք հիմնական գործառույթը: Առաջին խնդիրը սպիտակ դաշտում աշխատող բիզնեսին լավ վերաբերվելն է, երկրորդը՝ վատ հարկատուի հետ հարաբերությունները կարգավորելը, ոչ թե հակառակը: Մեր շարժիչ ուժը, մեր տնտեսության աճը սպիտակ բիզնեսի լավ զգալն է: Ձեզնից շատ ակնկալիքներ ունեմ, ով մեր խաղի կանոնները չի ընդունում՝ նա անընդհատ ձեր շունչը պետք է զգա»:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ 2016թ. ընթացքում իրականացվել է Բագրատաշենի և Գոգավանի պետական սահմանի անցման կետերի տեխնիկական մեկնարկը և գործարկումը: Ընթացքում են Բավրայի անցման կետի արդիականացման աշխատանքները:
ՊԵԿ-ի կողմից շահագործման է ընդունվել տարանցման հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգը: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով իրականացվել է հարկային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացում՝ 4 տարածքային հարկային տեսչությունների վերակազմավորման ա րդյունքում հարկային տեսչությունների թվաքանակի նվազեցում՝ նախկին 22-ի փոխարեն կգործի 20 հարկային տեսչություն, կատարելագործվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները, լայնածավալ կերպով կիրառվել է փաստաթղթերի՝ բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ պայմանավորված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների իրականացման և ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգը:
Իրականացվել են հարկման առումով (շրջանառության հարկով հարկվող) փոխկապակցված անձանց հայտնաբերելու նպատակով միջոցառումներ և այլ աշխատանքներ: 2016-ին 2015-ի համեմատ հարկային ստուգումների թիվը նվազել է 10 հազարով: Համապատասխան միջոցառումներ են իրականացվել մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների ուղղությամբ, հարկային մարմնում տվյալների մշակման և վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացման, մոնիթորինգի հիման վրա ռիսկերի գնահատման ուղղությամբ:
ՊԵԿ նախագահը զեկուցել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայումը՝ հարկային մարմնի կողմից հրապարակվող ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկում առավել ռիսկային հարկ վճարողներ ընդգրկելու նպատակով, երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ավտոմատացման համակարգի ներդրումը, մեկ միասնական հաշվի ներդրման ուղղությամբ ընթացակարգային և ծրագրային աշխատանքների իրականացումը և այլն: