Ադրբեջանի «գազային» էյֆորիան ու ԼՂ հակամարտությունը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 6–ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել Ադրբեջանի ու ԵՄ միջև համագործակցության նոր համաձայնագրի պայմանները քննարկելու նպատակով:
Ինչպես հայտնի է, 2015 թ. Բաքուն հրաժարվել էր ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը պատճառը հստակ նշել էր. «Արևմուտքը ցանկանում էր, որ մենք ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքենք, բայց տեքստից հանել էին մեր տարածքային ամբողջականության հարցը: Ավելի քան 15 տարի Եվրամիությունը ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, բայց վերջին ժամանակներս չի ցանկանում դա ընդունել: Ինչպե՞ս դա հասկանանք: Մենք արդեն սկսում ենք մտածել, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհ ենք ընտրել»:
Ընտրած ճիշտ ճանապարհի մասին կդատի պատմությունը, բայց այդ երկիրը միշտ փորձել է իր գլխավոր «զենքը»` նավթն ու գազը, օգտագործել արտաքին քաղաքական հարթակում, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում սեփական շահերը առաջ տանելու համար: Այն ժամանակ, հիմա էլ այդ երկիրն առանձնահատուկ կերպով ընդգծում է «Հարավային միջանցք» նախագծի դերն ու կարևորությունը, ինչը, ըստ նրանց, նպաստելու է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետագա ամրապնդմանն ու ԵՄ–ի հետ քաղաքական–տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ու քանի որ երկու օր առաջ կայացած այցի ընթացքում ԵՄ ղեկավարները նշել են, որ այդ նախագիծը կարևոր է Եվրոպայի համար և կշարունակեն աջակցել դրա իրագործմանը, ադրբեջանական լրատվամիջոցներն էյֆորիայի մեջ են ընկել` «Եվրոպայի ղեկավարների հետ միասին Ադրբեջանի նախագահը հիմք դրեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության ճարտարապետությանը», «Հարավային միջանցքը» փրկության օղակ է Եվրոպայի համար», «Եվրոպացի պաշտոնյաները մեծ պատվով ընդունեցին համաշխարհային այդ նախագծի հեղինակին ու ճարտարապետին` Իլհամ Ալիևին» և այլն:
Բայց: Եվրահանձնաժողովի` էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը «Հարավային միջանցքը» համարել է «դանդաղ առաջ գնացող նախագիծ», միաժամանակ ընդգծելով «արևելյան նախագծի» կարևորությունը` նկատի ունենալով գազի նոր հանքավայրերի զարգացումը Իսրայելում և Եգիպտոսում: Բացի այդ, անցած տարի «Գազպրոմը» բացարձակ ռեկորդ է սահմանել գազի մատակարարումների ծավալի առումով, որի 90%–ը նախատեսվել է Եվրոպայի համար` 179,3 մլրդ խորանարդ մետր: Ռուսաստանը շարունակում է մեծացնել գազի արտահանումը նաև 2017–ի առաջին ամսում: Այնպես որ Ադրբեջանը համարել «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» երաշխավոր, մեղմ ասած, դժվար է: Ավելին, Հաագայի ռազմավարական հետախուզությունների կենտրոնի վերլուծաբան Սիյբրեն դե Յոնգը համարում է, որ «Հյուսիսային հոսք –2»–ի հզորությունը, նկատի ունենալով «Թուրքական հոսքի» և այլ գազատարերի հնարավոր շինարարության հեռանկարները, կապահովեն էներգակիրների այնպիսի ծավալով մատակարարումներ, որոնք եվրոպական շուկայի համար ավելորդ կլինեն»:
Ուստի, նույնիսկ եթե «Հարավային միջանցքը» իրականություն դառնա, այն դժվար թե կարողանա իրական ազդեցություն գործել ուժերի դասավորության վրա ոչ միայն եվրոպական էներգետիկ շուկայում, այլև տարածաշրջանում:
Ավելին: Ավստրիական` պատերազմների հետևանքների հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քրիստոֆ Բենեդիկտերը համարում է, որ «արևմտյան երկրները չունեն գրեթե ոչ մի լծակ, որպեսզի հասնեն հակամարտության կարգավորման այն ձևով, որ երկու կողմի շահերն էլ հաշվի առնվեն: Թեև նախկին խորհրդային ինքնավարությունը իր կազմ ներառելու մասին Ադրբեջանի պահանջը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր է թվում, բայց նույնքան լեգիտիմ է ներկայանում Լեռնային Ղարաբաղի` անկախություն ձեռք բերելու մղումը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, ժողովրդավարական պետական կազմավորում է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ազատ ընտրություններ: Իսկ Ադրբեջանը համարվում է ավտորիտար պետություն, որը ժողովրդավարական ազատությունների գնահատման տարբեր աղյուսակներում հայտնվում է Սաուդյան Արաբիայի կամ Իրանի հետ նույն աստիճանին»:
Այնպես որ, «գազային խաղաթուղթը», դժվար թե, մեծ ազդեցություն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որքան էլ Ադրբեջանը ցանկանա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: