Բողոքի ակցիա անցկացվեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ
SocietyՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ փետրվարի 8-ին անցկացվեց բողոքի ակցիա՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջան արտահանձնման առնչությամբ:
Փետրվարի 8-ին բողոքի ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խստորեն դատապարտում են Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող քայլը:
«Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել` Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատական տալու համար: Բաքվի օդանավակայանում Լապշինին, որպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դրմակավորված հատուկ ջոկատայիններ` ակնհայտորեն ցուցադրական նպատակներով: Դատապարտում ենք Բելառուսի իշխանությունների խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այդ քայլը և այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ` կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ պատեհ չեն համարում այս իրավիճակում գրավոր ձևով որևէ բան դեսպանությանը փոխանցելու։ «Մենք ուղղակի եկել ենք այստեղ մեր դիրքորոշումը հայտնելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենը շատ տարօրինակ է, բայց սա, իմ կարծիքով, նորություն չի հատկապես Բելառուսի կողմից։ Շատ հստակ նախաձեռնություններ պետք է լինեն, աշխարհի բոլոր հայտնի բլոգերները պետք է ակտիվանան՝ ի պաշտպանություն Լապշինին։ Բոլոր տնտեսական հարաբերությունները, որ առկա են Բելառուսի հետ, պետք է լուրջ վերանայվեն»,- նշեց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը։
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: