Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են
SocietyԵրևանի կայարանամերձ հրապարակի կիսակառույցն այս տարի քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված:
Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով`այս տ արի կավարտվեն կառուցապատման նախագծային աշխատանքները, շինությունն ամբողջությամբ կքանդվի և կսկսվեն հողային աշխատանքները: Նա նաև նշեց, որ շինարարությունն իրականացվելու է օտարերկրյա ներդրողի կողմից:
«Նոր կառուցապատողը կաշխատի այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ: Ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել: Ընդհանուր արժեքը կլինի 60 մլն դոլարից ավելի: Այս տարվա ծրագրի արժեքը նախատեսել ենք 10 մլն դոլար: Ընդհանուր ծրագիրը 3 տարի ժամկետով է»,-ասաց Նարեկ Սարգսյանը:
Նա նաև ներկայացրեց Երևանում ծրագրված այլ նախագծեր, մասնավորապես՝ Արշակունյաց պողոտայի վրա հյուրանոցային և վարչահասարակական համալիրի կառուցումը, Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մետր տրամագծով օղակաձև նոր հրապարակի կառուցումը: