Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 7 երկրաշարժ
SocietyՍՊԾ դիտացանցը փետրվարի 2-ից մինչև 8-ը գրանցել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից զգացված երկրաշարժ: Վերջինս տեղի է ունեցել փետրվարի 5-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Այն զգացվել է Քաջարան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ: Փետրվարի 4-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ: Փետրվարի 5-ին գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, մեկը՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք (մագնիտուդ 2.5), մյուսն էլ՝ Ադրբեջանի Շաքի քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք (մագնիտուդ 2.6): Նույն օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 6-ին երեք երկրաշարժ է գրանցվել Իրանում. 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) երկրաշարժ է տեղի ունեցել Գերմի քաղաքից (Արդեբիլ նահանգ) 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին հաջորդել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) հաջորդ ցնցումը, իսկ Խոյ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.4):
Տարածաշրջանից դուրս փետրվարի 8-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պակիստանի հարավ-արևմուտքում՝ Պասնի քաղաքից (Բելուջիստան նահանգ) 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Փետրվարի 6-ին Էգեյան ծովի թուրքական առափնյա տարածքում` Իզմիր քաղաքից 154 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որին 2 օրվա ընթացքում հետևել է երկու սեյսմիկ իրադարձություն՝ 5.4 և 5.3 մագնիտուդերով: Մինչ օրս նշված էպիկենտրոնային գոտում գրանցվել է ընդհանուր թվով 505 հետցնցում, որից 10-ը` 4.0 և ավելի մագնիտուդով: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ: Այվաջիկ շրջանի մի քանի գյուղերում քանդվել է 102 տուն (որոշ թուրքական լրատվամիջոցներ հայտնում են 298 քանդված տան մասին): Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում: