«Հովհաննես Ադամյան» լսարանը նոր հնարավորություններ կտա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին
SocietyՃարտարագետ, գունավոր հեռուստացույցը հայտնագործած Հովհաննես Ադամյանի անունը կրող սրահը փետրվարի 9-ին բացվեց Երևանի պետական համալսարանում: Սրահում նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաների դասավանդում, ռադիոֆիզիկայի, ինֆորմատիկայի և այլ ֆակուլտետների ուսանողների համար գործնական պարապմունքների իրականացում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն այսուհետ, բացի հիմնական դասախոսություններից, հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ կլոր սեղանների, սեմինարների:
«Համալսարանի հարյուրամյակին ընդառաջ պատրաստվում ենք մեր մեծերի անունները հավերժացնել՝ նրանց անուններով այսպիսի լսարաններ վերանորոգելով ու անվանակոչելով»,- ասում է Արամ Սիմոնյանը:
Սրահը հիմնվել է «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցության արդյունքում: Ռեկտորը կարևորում է գործակցության նմանատիպ փորձը, որով կապ է ստեղծվում ո ւսանողների և գործատուների միջև: Նա կոչով դիմեց գործարար աշխարհի ներկայացուցիչներին և նշեց, որ համալսարանը ոչ նյութական օգնության կարիք ունի, որով կկարողանան ուղղորդել գիտական, կրթական գործունեությունը դեպի աշխատաշուկա:
Հովհաննես Ադամյանի երազանքներից մեկը եղել էր իր հայրենիքում ստեղծել և առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարքը: 1925թ. Հովհաննես Ադամյանը Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում պատրաստել ու աշխարհում առաջին անգամ ցուցադրել էր «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Հ. Ադամյանն այդ տարիներին դասախոսել է ԵՊՀ-ում: