ՀՀ գյուղատնտեսության նախարարը նիդերլանդական PUM-ին առաջարկել է համագործակցել մեղվաբուծության ոլորտում
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 9-ին ընդունել է PUM Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը, աջակցել գործարարությանը զարգացող երկրներում և շուկաներում: PUM-ն աջակցում է ձեռներեցներին տեխնիկական միջոցներով, իրականացնում է կարճաժամկետ խորհրդատվական առաքելություններ ավագ գործարարների ու վերլուծաբանների, կամավորների կողմից` ապահովելով գործնական գիտելիքներով և փորձառությամբ:
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և հուսով ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման հարցում ձեր կազմակերպությունը կարող է մեզ մեծ օժանդակություն ցուցաբերել»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին Ալբերտ Ուեսթերինգսը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է PUM հիմնադրամի ուշադրության կենտրոնում և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպման ուղղությամբ:
Նկատի ունենալով Նիդերլանդների Թագավորության հաջող փորձն ագրարային բնագավառի տարբեր ճյուղերում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել հոլանդացի փորձագետների ներգրավմամբ մեղվաբուծության ոլորտում համագործակցության հնարավորությունը` հետագայում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու հեռանկարով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, մարքեթինգի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր: