Հուլիսի 5-ը կնշվի նաև որպես ՀՀ պետական խորհրդանիշերի օր
SocietyՀայաստանի կառավարությունն առաջարկում է հուլիսի 5-ը սահմանել որպես ՀՀ պետական խորհրդանիշերի օր: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակությունն այսօր շատ կարևոր է, ուստի առաջարկվող տոնը կարող է պետության զարգացման գործընթացի կարևոր բաղկացուցիչ լինել:
«Պետության քաղաքացիների վերաբերմունքը պետական խորհրդանիշերի նկատմամբ կարելի է համարել ցուցիչ՝ որքանով են մարդիկ իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ»,- ասաց Պողոսյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը կարևորում է պետական խորհրդանիշերի հանրահռչակումը, ուստի հենց այդ նպատակով ներկայացվել է առաջարկ հուլիսի 5-ը Սահմանադրության օրվա հետ միասին սահմանել նաև որպես պետական խորհրդանիշերի տոնական օր: Արթուր Պողոսյանը պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը: