Հայաստանում 2016-ին նվազել են սրտանոթային հիվանդությունների սուր դեպքերը
SocietyՍրտի ստենտավորման արտոնյալ և ամբողջովին անվճար վիրահատությունների թիվը Հայաստանում 2016թ.-ին, 2015-ի համեմատ, ավելացել է: Առողջապահության ոլորտի մասնագետները կարծում են, որ նման վիճակագրությունը ծառայության հասանելիության ու հանրության իրազեկվածության արդյունք է:
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը փաստում է, որ սրտի պետպատվեր ստենտավորում անցած հիվանդների քանակը 2016-ին եղել է 6120` 2015-ի 5300-ի համեմատ: Նման ցուցանիշը ոչ թե հիվանդացության աճի, այլ ծառայության հասանելիության, ինչպես նաև հասարակության իրազեկվածության արդյունք է: Անվճար ստենտավորումների թիվն ավելացել է սոցիալական փաթեթի շահառուների, զինծառայողների ընտանիքի անդամների ավելի շատ դիմելիությամբ:
«Դրա արդյունքում նվազել է սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը: Դիմելիության կտրուկ աճ ու լարվածություն նկատվել է հատկապես 2016-ի օգոստոս, սեպտեմբեր ամիսներից սկսած: Մահացության ցուցանիշի նվազումը ոչ միայն ծառայության հասանելիության, այլ նաև հիվանդացության կայունացման արդյունք է, քանզի նախորդ տասը տարիների ընթացքում սրտանոթային հիվանդություններով հիվանդացությունը և մահացությունն ավելի մեծ թիվ էին կազմում: Ներկայումս սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունը նվազել է մոտ 5 տոկոսով»,- փաստեց Վարդանյանը:
2015թ-ի հունվարից ուժի մեջ մտած «Սրտի անհետաձգելի վիրահատություն» ծրագրի շրջանակներում 2015-2016-ին սրտի անվճար ստենտավորում է արվել 2874 մարդու: Սակայն 2016-ին, 2015-ի համեմատ, նվազել է ծրագրի շրջանակներում դիմողների քանակը` 2015-ին` 1516, իսկ 2016-ին 1358 դիմող: «Դիմողների թվի իջեցումը պայմանավորված է հիվանդության սուր վիճակների նվազմամբ, նաև մարդիկ ավելի իրազեկ են դարձել, ավելի շատ են հետևում առողջ ապրելակերպին, ոմանք էլ պարզապես նախընտրում են այլ ծրագրերի շրջանակներում սպասարկում ստանալ»,- եզրափակեց մասնագետը:
Աննա Գրիգորյան