Պոլսո պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության համար կսպասի սահմանադրական հանրաքվեի ավարտին
SocietyՊոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով Ստամբուլի նահանգապետարանին դիմում չի ներկայացնի:
Այս մասին Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նա նշել է, որ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հունվարի 18-ին նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է պատրիարքի ընտրության հարցը: «Քանի որ երկրի նախագահը տեղյակ է հարցից, մենք չենք դիմելու նահանգապետարան»,- հայտնել է Աթեշյանը:
«Ակոս»-ը հայտնում է, որ այդպիսով Պոլսո պատրիարքի ընտրության հարցը նորից հետաձգվում է: Խնդրին վերադարձ կլինի միայն երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին նախագահական պալատում ընդունել է հայկական համայնքների հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերի շարքում եղել է պատրիարքի և համայնքային հաստատություններում ընտրություն անցկացնելու հարցը:
Էրդողանն ասել է, որ տեղյակ է այս հարցում ունեցած ակնկալիքներից: Նրա խոսքով` հապաղումն ունի երկու հիմնական պատճառ: Առաջինը` հայկական համայնքի ներսում առկա տարաձայնություններն են: Երկրորդը` պետական մարմինների չափազանց ծանրաբեռնվածությունն է: Էրդողանը հայտնել է, որ պատկան մարմինները շարունակում են զբաղվել Թուրքիայի հայկական համայնքի խնդիրների լուծման հնարավորություններով: Նախագահի համոզմամբ` մոտալուտ հանրաքվեից հետո պետք է լուծվեն պատրիարքական ընտրության, ինչպես նաև համայնքային ընտրությունների հարցերը: