Սպորտի նախարարը հանդիպել է ծանրամարտի ֆեդերացիայի անդամների հետ
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: «Օլիմպիական երկու արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաև օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին: