Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հիշել է «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմը ու չի պատրաստվում առաջադրվել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն օրերս աշխատանքից ազատել է մարզպետի խորհրդական, Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանին` նրա փոխարեն նույն պաշտոնին նշանակելով վերջերս թոշակի անցած Կառլեն Աբրահամյանին, ով Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է: Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեցին Շիրակի մարզպետարանից:
«Փաստն» արդեն գրել է, որ Շիրակում որոշ հանրապետականներ ոչ միայն սատարում են ՀՅԴ–ին, այլև առաջադրվելու են կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ի ցուցակով:
Շիրակի նախկին մարզպետ, Ոստիկանության 6–րդ գլխավոր վարչության նախկին պետ, գնդապետ Աշոտ Գիզիրյանը մինչ այժմ որևէ կարծիք չի հայտնել առաջիկա ընտրություններում իր կողմնորոշման ու ինտեգրվածության մասին:
«Փաստը» մի քանի հարց ուղղեց գեներալ Գիզիրյանին:
– Պարոն Գիզիրյան, քանի որ Ձեր ընկերը խորհրդականի պաշտոն ստացավ մարզպետարանում, հնարավո՞ր է Դուք ևս վերադառնաք քաղաքական դաշտ և ինչու չէ, սատարեք, օրինակ, Դաշնակցությանը:
– Ես քաղաքական դաշտում երբևիցե չեմ եղել և չեմ էլ լինի: Ես ոչ մեկին չեմ սատարելու, ես ինքս ինձ եմ սատարելու: ժամանակը որ գա, կտեսնենք: Նախ՝ մարզպետի նախորդ խորհրդականն էլ էր իմ ընկերը:
– Իսկ ՀՀԿ–ն Ձեզ առաջարկ չի՞ արել:
– Ինձ ոչ մեկը առաջարկ չի արել: Եթե արած էլ լինեն, չեմ ասի: Եթե չեմ ուզում քաղաքականությունով զբաղվել, նպատակը ո՞րն ա ասելու: Չե՞ք տեսնում՝ ինչ խառնաշփոթ ա, նախկին կուսակցականները հիմա հակառակ կողմերում են: Հիշո՞ւմ եք՝ «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմի հատվածը՝ «Власть меняестя», էդ կինոն որ նայեք, կտեսնեք, որ էսօր էդ օրերն ա: Ես երևի թե միակ պաշտոնյան եմ, որ երբևիցե կուսակցական չեմ եղել: Երբ մարզպետ էի, պետք է հետևեիք ու իմանայիք, որ ընդհուպ համայնքապետերի ընտրությանը ես չեմ մասնակցել: Հավասար դաշտ եմ ստեղծել իմ հնարավորության սահմաններում՝ ասել եմ, ժողովուրդն ում ընտրի, թող նրան էլ ձայն տա:
– Սակայն, փաստորեն, Դուք հենց ընտրությունների պատճառով հեռացաք մարզպետի պաշտոնից: Եթե Դուք որևէ կերպ չէիք միջամտում ընտրություններին, ինչո՞ւ հեռացաք, երբ Սերժ Սարգսյանը պարտվեց, Դուք ի՞նչ կապ ունեիք Սերժ Սարգսյանի պարտության հետ Շիրակում:
– Ես որպես գեներալ հեռացա, որպես ինքը իմ գերագույն գլխավոր հրամանատար: Ահագին գործ արվել էր մարզում Սերժ Սարգսյանի ու իմ կողմից, ինչ–որ մթնոլորտ էր փոխվել, ժողովրդի հետ շփում կար: Ինչ–որ մի բան էն չէր եղել, դրա համար հեռացա:
Մտածեցի, որ ճիշտ կլինի: Ճիշտ է կուսակցական չեմ, բայց ես քաղաքական մշակույթ մտցրեցի, որ մեկը կարողանա պատասխանատվություն վերցնի իր վրա: Էդ պատասխանատվությունը ես վերցրեցի իմ վրա որպես մարզպետ: Իմիջիայլոց, ես մենակ չպիտի հրաժարական տայի, ավելի շատ բարձր մարդիկ պետք է հրաժարական տային, բայց նրանք չտվեցին, ես տվեցի:
– Եվ փաստորեն Դուք միակն էիք, որ հրաժարական տվեցիք: Մյուսները շարունակում են մնալ քաղաքական դաշտում:
– Դե, կներեք, որ կարող է նրանք քաղաքական անբարոյական են, ես տենց չեմ ուզում լինեմ: Ինձ վերաբերվող որոշումները ես եմ կայացնում: Ես կարող էի մեղքը բարդել ուրիշների վրա: Ուրեմն մենք բոլորս էնտեղ խնդիր ունեինք: Լավ, ես հրաժարական տվեցի, հեռացա, մարզում փոխվե՞ց ինչ–որ մի բան: Ով որ ժամանակին է հեռանում, նա էլ ճիշտ է:
– Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
– Թոռնիկս քնած է, ես էլ կողքը նստած եմ, թոռ եմ ունեցել:
Հ.Գ. Ուշագրավ է, որ Աշոտ Գիզիրյանը հեռանալու որոշում չկայացրեց, երբ 2008–ի մարտի 1–ի գործողություններին մասնակցում էր որպես ՀՀ ոստիկանության 6–րդ գլխավոր վարչության պետ, և միայն Շիրակում Սերժ Սարգսյանի պարտությունից հետո հեռացավ պաշտոնից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: