Ի՞նչ կասի Օլանդը Սարգսյանին. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Օ րերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել էր Ֆրանսիայի վարչապետի պետական բարեփոխումների հարցերով պետքարտուղար Ժան Վենսան Պլայսեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Մամեդյարովը հայտարարել էր, որ «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան պետք է ավելացնի ջանքերը` ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»: Եվ, ահա, Փարիզի պատասխանը չուշացավ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում նախագահ Ֆրանսուա Օլանդը գնահատական տվեց տիրող վիճակին. «Մենք շտապում ենք: Շտապում ենք գտնել խնդրի լուծումը անցած տարվա ապրիլի 2–4–ի դաժան միջադեպերից հետո: Գրեթե ամեն օր Ղարաբաղում զոհ է լինում: Մենք պետք է գործենք, որպեսզի կանխենք բախումները»: Ընդ որում, Օլանդը հայտնել է, որ ՀՀ նախագահին հրավիրել է Փարիզ` ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Սերժ Սարգսյանը Փարիզ կմեկնի մարտի 8–ին:
Այս պահին բանակցություններ չեն ընթանում: Եթե ընդհանուր ձևակերպենք` այս պահի դրությամբ դրանք մնացել են երկու կարևոր հայտարարությունների մեջտեղում: Առաջին հայտարարությունը անցած տարեվերջին արեց ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ջոն Քերին. «Ներկայում հակամարտության կարգավորման հնարավորություն չկա, նախևառաջ, այն պատճառով, որ կողմերի ղեկավարները դրան պատրաստ չեն»: Այս ձևակերպումը հնչել էր ապրիլյան պատերազմից հետո, երբ մեծամասամբ ԱՄՆ–ի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Վիեննայում, որտեղ առաջ քաշվեցին հետաքննող մեխանիզմների տեղակայման և միջազգային դիտորդների թվի ավելացման պահանջները: Ադրբեջանն այդ փաստաթուղթը չստորագրեց:
Երկրորդ հայտարարությունն արդեն արեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս տարեսկզբին, երբ ասաց, որ ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ: Միաժամանակ Բաքվին հիշեցրեց, որ Մոսկվան մեծ դեր է խաղացել ապրիլին արյունահեղությունը կանխելու գործում: Անցած ամռանը արդեն նախագահ Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում ստեղծված համաձայնագիրը կրկնում էր Վիեննայի փաստաթղթի պահանջները: Սանկտ Պետերբուրգի համաձայնագիրը նույնպես Բաքուն չստորագրեց:
Հիմա հերթը Փարիզինն է, որը, հնարավոր է, փորձում է ինչ–որ բանով լցնել առաջացած դիվանագիտական «վակուումը»: Բայց ինչպե՞ս:
РИА Новости–ին երկու օր առաջ տված հարցազրույցում Մամեդյարովը, անդրադառնալով հարցի կարգավորմանը, նշել է. «Անցած ամիս ես Մոսկվայում էի, և Ս. Լավրովի հետ միասին մենք քննարկել ենք այդ պլանը: Բոլորը հրաշալի գիտեն, թե ինչ պլան է: Պետք է քաղաքական կամք ունենալ»,– ասել է Մամեդյարովը: Բայց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հստակեցրել է. «Ցավոք, մինչ օրս միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հետաքննող մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, կատարված չեն»: Այսինքն, բանակցությունների գլխավոր առարկա կարող է լինել միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրավաբանական ձևակերպումը:
Այս ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահը մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպումներ էր անցկացրել եվրոպացի պաշտոնյաների հետ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև ԼՂ հակամարտության խնդիրը, ավելի ճիշտ` Մինսկի խմբի «օղակից» դուրս գալու հնարավորությունները: Այս առումով հետաքրքիր էր Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ–ն շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց ջանքերին: Իսկ Մինսկի խումբն առաջարկում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:
Ուստի, վերջին մի քանի օրերին Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածություն հրահրելը, թերևս, փորձ է դուրս գալու դիվանագիտական այս փակ շրջանից: Բայց թե նման փորձերը ինչի կարող են հանգեցնել, առայժմ կանխագուշակել հնարավոր չէ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: