Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ 20 ժամկետային զինծառայող պարգևատրվեց և խրախուսվեց արձակուրդով
SocietyՍահմանային գծում ծառայություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին մրցանակներով և խրախուսվեցին 10-օրյա արձակուրդով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում հրավիրված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարաÖ € Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ` իրենց ծնողների հետ:
Զինծառայողները Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդգծեց, որ հայրենիքի անկախությունը հայ ժողովրդի համար մեծագույն պարգև է, բայց առավել քան պատվաբեր է այն պահպանելու, զորացնելու կամքը և նվիրումը: «Այսօր մեզ հետ են հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը սահմանին պահող հայոց բանակի 20 զինվորականներ` խրախուսվելու և գնահատվելու համար: Մեր` հայերիս միությունը մեզ համար գոյաբանական իմաստ ունի: Բանակը մեր մարմինն է: Եթե այն առողջ է ներքնապես, ապա արտաքին մարտահրավերները հաղթահարելի են: Մեր նահատակված զինվորների հիշատակն ազգ-բանակ միասնության գրավականն է, ներդաշնակության խթանն ու ուժը: Երկնաբնակ մեր զինվոր նահատակները հորդոր և գոյության կոչ ունեն ամենքիս: Այն նման է մի անլռելի զանգակատան, որն ամենուրեք է: Այն մեր սրտերում է, մեր ոգիներում է, մեր էության մեջ: Նրանք մեզ ասում են` չլինի թե մեր մահով շահածը ձեր կյանքով կորցնեք: Այդ անլռելի ձայնի կոչնակը մեզ համար դարձել է ինքնամաքրման և համախմբման միջոց»,- ընդգծեց Կճոյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, ընդգծեց, որ Սուրբ Սարգիսը զորավար է եղել և այդ հանգամանքն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: «Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի ցանկանում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինծառայողներին: Սիրելի զինվորներ, դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք: Դուք ժամկետային զինծառայողներ եք և այս կյանքում ունեք տարբեր նպատակներ ու ծրագրեր: Ես վստահ եմ, որ ձեր նպա տակները իրականանալու են: Այս պահին ձեզ միավորում է հայկական բանակի զինվորի համազգեստը և մեր հայրենիքը պաշտպանելու ձեր վճռականությունը»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ հայ ժողովուրդը վստահ է, որ զինվորներն անփոխարինելի աշխատանք են կատարում: Նրա խոսքով` զինվորն անում է այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ` պաշտպանելով իր ընտանիքը և հայրենիքը: «Դուք դա անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ, և մենք ուղղակի պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ծնողներին, ուսուցիչներին և հրամանատարներին: Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պահպանեցին մեր անկախությունը և մեր սահմանների անխախտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրեցին այն, ինչ դուք միասին արեցիք և անմահացան: Սիրելի զինվորներ, խիզախությունը ձեզնից անբաժան պետք է լինի, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինի, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախությամբ և քաջությամբ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակն ավելանա, շատանա»,- նշեց նախագահ Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ժամկետային զինծառայող, սերժանտ Արտաշես Սահակյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար: Զինծառայողների ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց նաև Անահիտ Ակինյանը: