Հեծանվորդները Տոկիո-2020 խաղերին նախապատրաստվելու դրամահավաք են սկսել
SportՀայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան սկսել է նախապատրաստվել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Այդ նպատակով թիմը սկսել է դրամահավաք, որը կօգնի հայ հեծանվորդներին մասնակցելու կարևորագույն վարկանիշային մրցաշարերի:
Այս մասին ասաց Հայաստանի հեծանվավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Գաղափարի հեղինակը մեր լավ ընկեր աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանն է: Շատ մարդիկ կան, ովքեր աջակցում են մեզ: Բայց պետականորեն մեզ հատկացվում է միայն 13 միլիոն դրամ, որը չի բավարարում մարզիկներին: Տոկիոյի խաղերի համար մենք երկար ճանապարհ ունենք, որը սկսվում է 2017 թվականից: Բայց այս ծրագիրը շատ երկար է, այդ իսկ պատճառով որոշեցինք այս կերպ հավաքել այդ գումարը»,-ասաց Գյոզալյանը:
Նրա խոսքով` ֆոնդի ձևավորումից հետո ամեն ինչ կլինի բացարձակ թափանցիկ կլինի: «Գումարները նպատակային են ծախսվելու` Մհերի և Էդգարի համար, քանի որ մեծահասակների մակարդակն այլ է»,-շեշտեց հավաքականի մարզիչը:
Հայ մարզիկներն այժմ նախապատրաստվում են Եվրոպայի Մ23 տարեկաների առաջնությանը (հուլիսի 18-23): Հաջորդ կարևորագույն մրցաշարը Բեռլինում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է, որը կկայանա հոկտեմբերին:
«Մենք շեշտը դրել ենք մեծահասակների առաջնությունների վրա, քանի որ պետք է միավորներ վաստակենք, որը հնարավորություն կտա 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցել»,-եզրափակեց Գյոզալյանը:
Ֆեդերացիան դրամահավաքն անցկացնում է այստեղ: