Ապրիլին շահագործման կհանձնվի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի դպրոցի նոր շենքը
SocietyԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղը շուտով դպրոցական նոր ու հարմարավետ շենք կունենա:
Այս մասին հայտնել է Ազոխ համայնքի ղեկավար Գեորգի Ավանեսյանը և նշել, որ դպրոցում սովորում է 124 աշակերտ:
«Բացման արարողությունը նախատեսվում է ապրիլ ամսին: Նոր դպրոցը կառուցվել է ԼՂՀպետական բյուջեի միջոցներով. այն նախատեսված է ավելի քան 200 աշակերտի համար: Դպրոցական նոր շենքն ունի բոլոր պայմանները՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է Գ. Ավանեսյանը և հավելել, որ ներ կայումս ընթանում են դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները:
Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ իրենց գյուղի բնակիչների հիմնական մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Իրացման հարցում գրեթե խնդիրներ չկան, քանի որ Արցախի մայրաքաղաքի հետ կանոնավոր տրանսպորտային կապը բնակիչներին հնարավորություն է տալիս իրենց արտադրած ապրանքները ժամանակին տեղափոխել և վաճառել:
«Ընդհանուր առմամբ, ունենք 250 հա վարելահող, որի մեծ մասում աճեցվում են աշնանացան մշակաբույսեր: Գյուղացիները այգեգործությամբ շատ քիչ են զբաղվում»,- մանրամասնել է Գ. Ավանեսյանը և ընդգծել, որ իրենց մոտ կան բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի երիտասարդությունն զբաղվածության խնդիր չունենա:
Բացի գյուղատնտեսական աշխատանքներից, Ազոխի բնակիչների համար աշխատանք է ապահովում գյուղում գործող «Արցախուղի» ՓԲԸ-ի Հադրութի մասնաճյուղը: Մի մասն էլ աշխատում է «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնաճյուղերում:
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Ազոխում 2016 թվականին ծնվել է 8 երեխա: Գյուղում գործող մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Լուծված է նաև ներքին ջրամատակարարման ցանցի հարցը: