Դաշնակցական կրկնակի գամբիտ
AnalysisՎերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո բավականին սուր պայքար է սկսվել այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Այդ պայքարին ամենից ակտիվ լծվել է ՀՅԴ-ը և, մասնավորապես, վերահսկիչ պալատի ներկայիս փոխնախագահ Արա Նռանյանը:
Սակայն պետք է նկատենք, որ վերջինս պայքարի մեջ էր մտել շատ ավելի վաղ, ընդ որում փորձելով «պադստավկա» անել իր այն ժամանակվա ղեկավար Իշխան Զաքարյանին: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ հենց Արա Նռանյանն է կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դեմ նախաձեռնած արշավը, ի դեպ, ինֆորմացիոն «աջակցություն» ստանալով իր կուսակից ընկեր, այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար, Արծվիկ Մինասյանից:
Մասնավորապես, գործողությունների թիրախ ընտրվեց ՏՏ ոլորտի ամենից հայտնի, համակարգը ձևավորող կառույցներից մեկը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Բնականաբար Արա Նռանյանը հասկանում էր, որ ՏՏ ոլորտը հանդիսանում է երկրի տնտեսական առաջնահերթություններից մեկը և դժվար չէր կանխատեսել, որ վերահսկիչ պալատի գործողությունները լուրջ դժգոհություն կարող են առաջացնել ոչ միայն ոլոտում, այլև իշխանական վերնախավում: Հասկանալի է, որ առաջին հերթին դժգոհության թիրախը պետք է դառնա վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ինչն, ի դեպ, հենց այդպես էլ եղավ:
Հավանաբար պակաս կարևոր չէր նաև այն, որ նախընտրական սպասվելիք գործընթացներում ՏՏ ոլորտի բազմահազար ներկայացուցիչները վերահսկիչ պալատի գործողությունների պատճառով կարող են երես թեքել «Ծառուկյան» դաշինքից, այժմ առանցքային դերակատարում ստացած Իշխան Զաքարյանի պատճառով: Մյուս կողմից ուղղակիորեն դժգոհություններ են առաջանում նաև գործող իշխանություններից: