Ծառուկյանը բանաձևեց սոցիալական գերխնդրի լուծումը
SocietyԳագիկ Ծառուկյանը փետրվարի 10-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ ծավալուն անդրադարձ է կատարել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին և ի թիվս այլ հարցերի՝ խոսել նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի աննպատակահարմարության մասին: Ծառուկյանը հնչեցրեց մի հարց, որը, թերևս, այս համակարգի մեջ ներգրավված յուրաքանչյուր քաղաքացու մտահոգության առարկան է. արդյո՞ք քաղաքացիների՝ կենսաթոշակի համար կուտակած գումարները 40 տարի հետո չեն արժեզրկվելու, արդյո՞ք այդ գումարները ֆիքսվել են տվյալ տարվա ոսկու գնով, քանի որ ոսկին 40 տարի անց էլ նույն արժեքն ունի եւ այլն: Այս նույն հարցադրումները բազմաթիվ անգամներ առաջ են քաշվել մասնագետների կողմից, սակայն պատկան մարմիններն այդպես էլ ականջալուր չեղան նախազգուշացումներին և մտահոգություններին: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում առաջարկեց սառեցնել կուտակայինը և այդ գումարներն օգտագործել առավել նպատակահարմար կերպով, այն է՝ ուղղել թոշակների բարձրացմանը: Ծառուկյանը գործուն միջոց առաջարկեց, որը տնտեսական ճգնաժամի պարագայում կարող է լուրջ խթան հանդիսանալ, օգնել պետությանը և շարքային քաղաքացուն՝ հաղթահարել ֆինանսական լուրջ մարտահրավերները: Այն ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում, որում այսօր գտնվում է մեր պետությունը, նման համակարգի ներդրումն, ինչ խոսք՝ ճոխություն էր, հաշվի առնելով նաև այն ռիսկերը և բազում հարցերը, որոնք կապված են համակարգի գործարկման հետ և մինչ օրս օդում են կախված: Ծառուկյանի առաջարկը կարող է հանդիսանալ խնդրի լավագույն լուծումը: