Մշակույթի ոլորտում իրականացվելու է 17 ներդրումային ծրագիր. կառուցվելու է Սայաթ Նովայի թանգարանը
CultureՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել են և առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իրականություն կդառնան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այդ 17 ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ, ծրագրեր, մասնավորապես, բառացիորեն երեկ Մշակույթի նախարարության որոշման նախագիծ է ընդունվել, որպեսզի մոտ ապագայում կառուցենք Սայաթ Նովայի թանգարանը», - ասաց Ամիրյանը:
Նախարարն ընդգծեց, որ չի կարծում, թե նախընտրական ժամանակահատվածը կազդի ներդրումների իրականացմանը, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, ովքեր աշխատում են:
«Ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագործակցություն է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել ծրագրերը: Ներդրումների ընդհանուր գումարը դժվար է ասել, որովհետև որոշ ծրագրերի առումով հաշվարկներ դեռևս չկան, սկզբնական ծրագրերը գնահատվում են 3 միլիոն դոլարից ավելի»,- տեղեկացրեց Մշակույթի նախարարը: