ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը: Շիրակի մարզից հավանության է արժանացել 6 ներդրումային ծրագիր, որոնցից 3-ը նախատեսվում է իրականացնել Գյումրիում:
Գյումրիում ծրագրերը հիմնականում զբոսաշրջության զարգացմանն է ուղղված. նախատեսվում է գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում, «Խելացի տուն համակարգի արտադրության» կազմակերպում, նաեւ «Բասեն» հյուրանոցային համալիրի, առեւտրի կենտրոնի կառուցում եւ հանրային սննդի կազմակերպում: Հյուրանոցային համալիրն ու առեւտրի կենտրոնը կառուցվելու է նաև նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում: Այդ նպատակով ներդրողին են տրամադրելու նախկին հյուրանոցի կիսավեր շենքն ու հողամասը:
Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադիշյանը նշեց, որ ներկայացվել էր 9 ծրագիր, որից դրական եզրակացություն ստացել է 6-ը: «ՀՀ վարչապետի այցից հետո ներդրումային ծրագրերի առաջարկներ ենք ստանում: Այս պահի դրությամբ, բացի արդեն ներկայացվածներից, ստացել ենք ևս 4 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք ևս կներկայացվեն ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ուսումնասիրման, այնուհետև դրանք կներկայացվեն ՀՀ վարչապետին: Ինչպես ծրագրերի ոլորտներն են տարբեր, այնպես էլ նաև դրանց իրականացման ժամանակացույցը»,-նշեց Կարեն Բադիշյանը:
Խոսելով Շիրակում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման արդյունավետության մասին՝ պատասխանատուն փաստեց, որ մարզը դրա բոլոր նախադրյալներն ունի. ամենակարևորը, բազում տեսարժան վայրեր, իսկ ենթակառուցվածքների զարգացումը պետք է լինի և՛ կառավարության, և՛ մարզային և՛ համայնքային իշխանությունների կիզակետում: «Մենք պետք է բոլոր այդ պատմական վայրերը հասանելի դարձնենք զբոսաշրջիկին: Մենք բոլոր հնարավորություններն ունենք, պարզապես պետք է ներդրումային ճիշտ ծրագրեր իրականացնել»,-ավելացրեց Կարեն Բադիշյանը: