Հոգևոր խորհրդի նիստում քննարկվելու է Պոլսո պատրիարքի ընտրությունները մայիսի 28-ին անցկացնելու հարցը
SocietyՊոլսո հայ համայնքային ժողովի ընթացքում առաջարկվել է անցկացնել հոգևոր խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի պատրիարքական ընտրությունները մայիսի 28-ին անցկացնելու հարցը:
«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ փետրվարի 17-ին տեղի են ունենալու Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի արագացված ընտրություններ:
«Փետրվարի18-ին պատրիարքի ընտրված տեղապահն իր մոտ ընդունելու է հոգևոր խորհրդի և համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներին, ովքեր ընտրելու են 15 անձից կազմված պատվիրակություն, որը նախաձեռնելու է պատրիարքական ընտրությունները»,- ասաց Էստուկյանը:
Փետրվարի 20-ին պատրիարքի տեղապահը և նախաձեռնող պատվիրակությունը կազմելու են նոր ընտրություն կազմակերպելու վերաբերյալ դիմումը, որը պետք է ներկայացվի Ստամբուլի նահանգապետարան:
Մինչև պատրիարքի ընտրություններն Արամ Աթեշյանը շարունակելու է պատրիարքի փոխանորդի իր պարտականությունները, սակայն ընտրությունների կազմակերպման գործնթացին մասնակցություն և միջամտություն չի ունենալու:

Փետրվարի 13-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է:
Մաշալյանը հրապարակել էր իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից: