Գիրք նվիրելու օրվա առթիվ հայ ժամանակակից գրողները տարբեր դպրոցներ կայցելեն
CultureՓետրվարի 19-ը` մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այս կապակցությամբ ՀՀ գրողների միության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայ գրողները կայցելեն Երևանի դպրոցներ, դասեր կանցկացնեն դպրոցականների հետ, նրանց կծանոթացնեն ժամանակակից գրողների ստեղծագործություններին և գրքեր կնվիրեն: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին նախաձեռնության հեղինակները:
«Քանի որ փետրվարի 19-ը կիրակի է, մենք դպրոցներ կգնանք փետրվարի 20-ին: Ինքս այցելելու եմ Դ. Վարուժանի և Ա. Չեխովի անվան դպրոցներ և ինձ հետ տանելու եմ 50 գիրք: Կարծում եմ` նման հանդիպումները երեխաներին ավելի են մոտեցնում գրքին և գրականությանը»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Միլիտոնյանի խոսքով` ընթերցանությունն աշխարհի գաղտնիքներին հաորդակցվելու հիանալի միջոց է, և այն մարդուն անծանոթ երևույթների հետ է ծանոթացնում ընթերցողին:
Էդվարդ Միլիտոնյանը շատ է կարևորում դպրոցական կրթության խնդիրը, գրականության դերն ու նշանակությունը: Ըստ նրա` գրականությունն ամփոփում է բոլոր առարկաները և հզոր միջոց է մարդու հոգին, նրա պատմությունը ճանաչելու համար:
«Կարծում եմ` ներկայիս գրականության դասագրքերում պետք է տեղ հատկացնել նաև ժամանակակից գրողների ստեղծագործություններին, քանի որ երեխան դպրոցում մի բան է կարդում, դուրս է գալիս և այլ իրականության է բախվում»,-շեշտեց նախագահը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանն ասաց, որ հայ դասականների անունները կրող դպրոցներում գրքի տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
«Միջոցառումներ են նվիրում անվանատուին, բայց դա քիչ է գրողների հետ ծանոթանալու համար: Ուստի կազմակերպվում են բաց դասեր, վարպետության դասեր` երեխաներին գրքին մոտեցնելու նպատակով: Սիրով ենք մասնակցում այս նախաձեռնությանը»,- ընդգծեց Մելքոնյանը:
ՀԳՄ նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են բազմաթիվ գրական միջոցառումներ: